ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ-ին՝ TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։


Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։


Նշվում է, որ նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։


«Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։


Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։


Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ, ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու  ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը  Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: