COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույայի հետ։
Քննարկվել են Հայաստանի և հիմնադրամի համագործակցության ընդլայնման, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների մոբիլիզացման և ազգային առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարն ընդգծել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կանխատեսելի, բավարար և հասանելի ֆինանսավորում՝ համաշխարհային հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։
Անդրադարձ է եղել նաև Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ կարևորելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի հետ երկարամյա գործընկերության և COP17-ի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վերահաստատելով համագործակցությունը համաժողովից հետո ևս շարունակելու պատրաստակամությունը։