Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց առաջընթացը, այդ թվում՝ CertScan ծրագրի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի, սահմանային անցման կետերին մաքսային արդի սարքավորումների տրամադրման, ինչպես նաև նոր տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում համագործակցային ծրագրերը։

ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ երկարամյա գործընկերությունը, մասնավորապես՝ Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության զարգացման, սահմանային անվտանգության ամրապնդման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման գործում։
Այցի շրջանակում ներկայացվել է նաև ՊԵԿ կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որը ԱՄՆ EXBS ծրագրի և S2 Global ընկերության հետ շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի արդյունքն է։
2026 թվականի մայիսից գործող կենտրոնը հնարավորություն է տալիս Երևանից իրական ժամանակում մշտադիտարկել սահմանային անցման կետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների աշխատանքը և իրականացնել ստացված պատկերների երկաստիճան վերլուծություն՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։

Էդուարդ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցության շարունակական զարգացումը կնպաստի Հայաստանի մաքսային համակարգի տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը և սահմանային անվտանգության հետագա ամրապնդմանը։