Անդրանիկ Օզանյանի նկարը դպրոցի ճակատային մասից չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է. պարզաբանում

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի ճակատային հատվածից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։


Այս մասին հայտարարություն է հրապարակվել Արտենիի դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում։


«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։


Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։


Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը, իբր, որոշել է հեռացնել Անդրանիկ Օզանյանի նկարը Արտենիի դպրոցի պատից։