Ջախջախիչ պարտությունից հետո ընդդիմության մոտ հուսահատ ճիչեր են․ դասեր չեն քաղում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ զրուցել ենք երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, ՔՊ-ի հաղթանակի, ընտրությունների արդյունքների և վարչապետի հայտարարությունների մասին։


Ռուստամ Բաքոյանն ասաց, որ միանշանակ սպասելի էին այս արդյունքները, որովհետև 2018 թվականից հետո շուրջ 30 և ավելի տարիների չարված աշխատանքներ են իրականացվել ամբողջ Հայաստանով մեկ, և ժողովուրդը գնահատում է այն արված աշխատանքը, որը տասնյակ տարիների ընթացքում չի արվել, իսկ այդ աշխատանքները անզեն աչքով շատ տեսանելի են։


«Եվ ես վստահ եմ, որ ժողովուրդը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում՝ ընտրություններից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերները ՏԻՄ-երում իրենց աշխատանքը շարունակելու են էլ ավելի բարձր արդյունավետությամբ։ Էլ ավելի, որովհետև նախորդ տարիներին մենք դժվար ժամանակներով ենք անցել, և բազմաթիվ դժվարություններ թույլ են տվել, որպեսզի բյուջեն ուղղվի շատ ավելի այլ տեղեր, քան ՏԻՄ-երին, և մենք այս պարագայում՝ արդեն նոր ընտրություններից հետո, այդ խնդիրն այլևս չունենք»,- ասաց պատգամավորը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասել է, որ ՔՊ-ն տարավ ջախջախիչ հաղթանակ՝ նշելով, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական կուսակցությունը պետք է ոչնչացվի, և ՏԻՄ ընտրություններով դա տեղի է ունենում։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ իրենք դրա մասին խոսել են նաև համապետական ընտրություններին, որովհետև նույն պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ըստ էության, չի սպասարկում Հայաստանի և Հայաստանի ժողովրդի շահը։


«Հետևաբար ժողովուրդը, լավ հասկանալով, թե որ կենտրոնից են ուղղորդված և ում շահերն են սպասարկում, նրանց մերժում է: Նրանք, ըստ  էության, Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չունեն. դա ապացուցվել է համապետական ընտրություններով և ՏԻՄ ընտրություններում ևս մեկ անգամ փաստվում է։ Ես շատ կուզեի վստահ լինել, որ ապագայում մենք կունենանք շատ ավելի լավ ընդդիմություն, ավելի բովանդակային ընդդիմություն, և այդ ընդդիմությունը կկարողանար իսկապես իր ռեսուրսը ճիշտ օգտագործել՝ այս դեպքում նաև իշխանության արդյունավետությունը բարձրացնելու համար»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան