2008 թվականի մարտի 1-ից հետո «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիա կազմեցին «Հանրապետական» կուսակցության հետ և կազմեցին իշխանություն։ Արարատի մարզում գտնվող, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանում է այդ ժամանակ աշխատել նույն մարզի բնակիչ Արտակ Զիրոյանը։ 2010 թվականին գործարանում տոտալ ճնշումներ են սկսվել աշխատակիցների՝ այդ թվում Զիրոյանի նկատմամբ, որպեսզի վերջինս դառնան ԲԿՀ-ի անդամ, ինչին չի համաձայնել այդ ժամանակ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արտակ Զիրոյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնում է ինքը՝ Զիրոյանը։
«2010 թվականի դեկտեմբերին ինձ իր մոտ է կանչում կոմերցիոն տնօրեն, ԲՀԿ-ի կողմից նշանակված Արման Բարսեղյանը և առանց այլևայլությունների ասում, որ կա՛մ պետք է դիմում գրես, դառնաս ԲՀԿ անդամ, կամ դիմում գրես և ազատվես աշխատանքից։ Ես, բնականաբար, մերժում եմ կուսակցական դառնալ, որովհետև դա իմ սահմանադրական իրավունքն է՝ դառնա՞լ որևէ կուսակցության անդամ, թե՞ ոչ։ Այդ ժամանակ արդեն կային միտինգներ, ակցիաներ, որոնց ես պարտադիր, շատ ակտիվ մասնակցում էի, որոնցից հետո գործարանում խոսակցություններ էին լինում, թե քեզ այդ միտինգի վայրերում ենք տեսել, բանվորների մոտ էս ես խոսում, էն ես խոսում, էս քարոզն ես անում, էն քարոզն ես անում։ Արմեն Բարսեղյանը շատ հանգիստ ասաց՝ հրահանգն իւջեցված է՝ դու այստեղ պետք է չաշխատես, եթե ԲՀԿ անդամ չես դառնում, ու նաև, պարզ տեքստով ասաց՝ եթե դիմում չես գրում քո կամքով աշխատանքից ազատվելու համար, հանձնարարելու ենք որևէ սարքավորում խոտանել, որից հետո հանձնաժողովը կեզրակացնի, որ դա տեղի է ունեցել քո վատ աշխատանքի պատճառով ու կհեռացնենք, նաև կարող ենք դրամական պահանջ ներկայացնել», - ասում է Զիրոյանն ու նշում, որ դրանից հետո ստիպված է եղել ազատման դիմում ներկայացնել։
Ի դեպ՝ այդ ընթացքում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանտում էր։
Աշխատանքից ազատվելուց հետո Զիրոյանը, նաև եղբայրը, որը ևս նույն գործարանի աշխատակից է եղել և նույն հիմքով ազատվել աշխատանքից, դիմում են դատարան և պահանջում՝ վերականգնել իրենց նախկին պաշտոնը, վճարել հարկադիր պարապուրդում գտնվելու ընթացքում չվճարված աշխատավարձերը։ Դատարանը դիմումը ընդունում է վարույթ։ 2011 թվականի մարտի 9-ին նշանակվում է դատական նախնական նիստը։ Գործը քննում է Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի դատարանի դատավոր Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյանը։
«Առաջին նիստի ընթացքում դատավորին հարցրեցի՝ Դուք իմ հայցադիմումի մեջ որևէ քրեական հանցանքի տարր չնկատեցի՞ք», - դատարանում ասել է Զիրոյանը, որից հետո դատավորը դիմել է Արարատ ցեմենտի փաստաբանին և առաջարկել բանակցել Զիրոյանի հետ, վերականգնել աշխատանքի, հաշտության գալ, ինչին փաստաբանը չի առարկել, ու նիստը հետաձգվել է։
Զիրոյանը նիստից հետո փաստաբանի հետ պայմանավորվել է, որ վերջինս կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ, կքննարկի և կպատասխանի Զիրոյանին։
Դրանից 3 ամիս հետո, պատասխան չստանալով Զիրոյանը գնում է դատարան, մտնում դատավորի աշխատասենյակ և հարցնում, թե ի՞նչ փուլում է իրենց գործը, քանի որ իր հետ գործարանի ներկայացուցիչները չեն կապվել։ Ի պատասխան դատավորը Արտակ Զիրոյանին ասում է, որ դատը եղել վերջացել է։
«Դատավորն ինձ բառացի ասաց՝ վերևներից ստացել եմ հրահանգ, որ հայցը մերժեմ ու նենց պետք ա անել, որ հայցվորը սրա մասին տեղյակ չլինի, որպեսզի անցնի մեկ ամիս բողոքարկման ժամկետը, որ Վճռաբեկ չդիմի, գործը հետո չհասնի ՄԻԵԴ։ Բառացի ասում եմ դատավորի ասածները», - նշում է Զիրոյանը և ավելացնում, որ նիստերն ընթացել են առանց իր մասնակցության, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, իսկ գործի ամբողջ քննությունը տևել է մեկ ամիս՝ 3 նիստում որոշում է կայացվել։ Այս մասին Զիրոյանը տեղեկացել է Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Զիրոյանն իր՝ աշխատանքից ազատվելու դիմումի մեջ նշել է, որ աշխատանքից ազատվում է սահմանադրական իր իրավունքները պաշտպանելու, չոտնահարելու պատճառով։
2014 թվականին, երբ ԲՀԿ-ն դուրս էր եկել կոալիցիայից և միացել Լևոն Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխոթյանը» «Արարատ ցեմենտը» Արտակ Զիրոյանին և վերջինիս եղբորը արդեն ՀԱԿ անդամ Զիրոյաններին հետ է ընդունում աշխատանքի։
Ապա՝ տեղի է ունենում ՀՀԿ հայտնի գործադիր նիստը՝ «բամփելու», «կրկեսի վերածելու հայրենիք չունենալու» մասին հայտարարություններով, որից հետո Գագիկ Ծառուկյանը փակում է իր քաղաքական գործունեության էջը։
Գալիս է 2018 թվականը, «Թավշյա հեղափոխությունը», որից հետո Արտակ Զիրոյանը դիմում է դատարան, որպեսզի իրեն տրամադրեն իր գործի նյութերը, արձանագրությունները, ձայնագրությունները։ Երեք օր անց Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից պատասխանում են, որ կարող են տրամադրել միայն վճիռների պատճենները, այլ բաներ գործից չեն կարող տրամադրել, որովհետև փաստաղթերը կորել են, չկան։ Եղբորը վերաբերող գործերի նյութերը ևս կորած են լինում։
Ի դեպ, այս նույն դատավորն այժմ աշխատում է Սնանկության դատարանում։
2020 թվականի մայիսին Արտակ Զիրոյանին և եղբորը կրկին քաղաքական դրդապատճառներով հեռացնում են աշխատանքից։
«Հատուկ շեշտելով, թե դուք «նիկոլական եք», իշխանության կողմնակից եք, սոցիալական էջերով անընդհատ իշխանությանն եք պաշտպանում, մեր մասին որևէ լավ բան չեք գրում ու քանի որ պայմանագրային աշխատող էինք, որոշեցին մեր պայմանագրի ժամկետը չերկարացնեն։ Էդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր։ 2011-ին Փաշինյանը բանտում էր մեզ հեռացրեցին աշխատանքից, որովհետև քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի աջակից էի, 2020-ին հեռացրեցին, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից էի․․․ Ինձ հեռացրեցին ինչի՞ համար, որպեսզի էն մնացած 1200 բանվորին ասեն՝ նայի, Նիկոլ Փաշինյանը բանտում էր իրեն հեռացրինք աշխատանքից, հիմա Փաշինյանը վարչապետ է՝ էլի հեռացրինք ու մարսեցինք», - ասում է Արտակ Զիրոյանը։
Վերջինս կրկին դիմում է դատարան։ Այս անգամ հայցը բավարարվում է, սակայն աշխատանքի չի վերականգնվում։ Գործարանից որոշում են Զիրոյանին տրամադրել մեկ տարվա աշխատավարձի չափով փոխհատուցում, միայն թե Զիրոյանները չաշխատեն իրենց մոտ։
Վովա Հակոբյան