ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այսօր ընդունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Լիոնի մետրոպոլի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության ոլորտների պատասխանատու Օլիվիե Արուժոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, մշակութային համագործակցության խորացումը և ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումը։ Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խաղերը հյուրընկալելը Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Նա կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խաղերի՝ բարձր մակարդակով անցկացումն ապահովելու գործում՝ տեղեկացնելով, որ մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 35 երկրների պատվիրակություններ։
Քրիստինա Թաթարյանն անդրադարձել է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցման խթանմանն ուղղված ծրագրերին՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ՝ ներգրավելով ֆրանկոֆոն կամավորների, ինչը թույլ կտա պատշաճ կազմակերպել և սպասարկել ֆրանկոֆոնիայի խաղերը՝ խթանելով Հայաստանում ֆրանսերենի տարածումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Օլիվիե Արուժոն նշել է, որ տպավորված է Հայաստանով, երկրի հարուստ մշակութային ժառանգությամբ և հյուրընկալությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված բարեկամական կապերը՝ ընդգծելով Լիոնի մետրոպոլի շահագրգռվածությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում։