Վերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ Միրզոյան

«Հայաստանն իր պարտավորությունները բարեխղճորեն կատարել է և ակնկալում է, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները ևս կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները»:


Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին։


«Մենք մեր պարտավորությունները բարեխղճորեն կատարել ենք, հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի։ Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- ասել է Միրզոյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի որոշումների և վարքագծի առանցքում, անկախ հանգամանքներից, լինելու են երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։


«Մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու։ Մենք կփորձենք կառուցողական ներգրավում և երկխոսություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալու ենք մեր պետականությունը»,- նշել է արտգործնախարարը։