Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը

2027 թվականին մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Առաջնությանը կմասնակցի 44 երկրների ավելի քան 600 մարզիկ։ Բացի այդ՝ Հայաստան կժամանի պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչ։


Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել 2027 թվականի հոկտեմբերի 9-17-ը մուայթայի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանում։ Մուայթայը՝ որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի ճանաչած մարզաձև, օլիմպիական ընտանիքի մաս է կազմում։


Այս համատեքստում Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունի՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր երկրի դերը միջազգային մարզական ասպարեզում։ Այս առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում և մեծ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, հայկական հյուրընկալությունն ու մուայթայի զարգացման նոր հեռանկարները։