ոկտեմբերի 25-ին Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակության կազմում էին էկոլոգիական անցման, կլիմայի և կենսաբազմազանության հարցերով փոխնախագահ Յան Վերլինգը, Եվրոպական և միջազգային ռազմավարությունների վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Սեդրիկ Գիյոն-Լավոկան և Շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, գյուղական գործերի և էկոլոգիական անցման վարչության տնօրենի տեղակալ Մագալի Շարմեն:
Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը:
Պարոն Յան Վերլինգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
