COP17-ի բարձրաստիճան հատվածի շրջանակում COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել «ՄԱԿ80․ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի միջև փոխգործակցության ընդլայնում» թեմայով նախարարական աշխատանքային ճաշին։
Նախարարը նշել է, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունն ու հողերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց հաղթահարումը պահանջում է համադրված քաղաքականություններ, ներդրումների նպատակային ուղղորդում և միջազգային համագործակցության ամրապնդում։

Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցությունն ամրապնդելու՝ Հայաստանի նախագահության հանձնառությունը՝ ի նպաստ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման։
Այս մոտեցումն արտացոլված է «Գործողություններ հանուն բնության» Երևանի հռչակագրում, ինչպես նաև Ռիոյի կոնվենցիաների փոխգործակցության վերաբերյալ COP17-ի համատեղ հռչակագրում։
Որպես համադրված մոտեցման օրինակներ՝ նախարարը ներկայացրել է անտառների պահպանության և վերականգնման, ինչպես նաև Սևանա լճի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը բնության պահպանության և համայնքների բարեկեցության ապահովման գործում։

Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրն է քաղաքական հանձնառությունները վերածել գործնական արդյունքների՝ միջազգային նախաձեռնություններն առավել սերտորեն կապելով ազգային առաջնահերթությունների հետ։
