Բելառուսը 2026 թվականի հոկտեմբերի 31-ից արգելել է Հայաստանից «ԱՐԱՄԵ» 7 տարվա հնեցման և Վրաստանից «Պոգրեբ Շիո» 8 տարվա հնեցման կոնյակների ներմուծումն ու իրացումը։ Այս մասին հայտնել է Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեն (Գոսստանդարտը)։
Գերատեսչության փոխանցմամբ՝ անցկացված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ երկու արտադրանքներն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության, մակնշման և համապատասխան արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Գոսստանդարտում նշել են, որ արտադրանքի սպառողական փաթեթավորման վրա նշված անվանումը հավաստիորեն չի բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս այն նույնականացնել որպես տվյալ տեսակի արտադրանք։
Մասնավորապես, հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակի արտադրող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրանքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³՝ սահմանված նվազագույն 0,3 գ/դմ³ նորմայի փոխարեն։
Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակում, որի արտադրողը «Կվարելսկի պոգրեբ» ՍՊԸ-ն է։ Փորձաքննության համաձայն՝ դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան նույնպես կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³։
Մասնագետների գնահատմամբ՝ նշված անհամապատասխանությունների պատճառով արտադրանքը չի կարող նույնականացվել որպես կոնյակ և իրացվել այդ անվանմամբ։
Արգելքը երկու արտադրատեսակների նկատմամբ ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 31-ից և վերաբերում է դրանց ներմուծմանն ու իրացմանը Բելառուսի տարածքում։