Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել Սիսիան համայնքին վերադարձված զբոսայգիներում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզի Սիսիան համայնք։

153.jpg (796 KB)

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի և Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի ուղեկցությամբ՝ Աննա Վարդապետյանն այցելել է Սիսիան համայնքի «Մայիսի 28», «Հիդրոշինարարների» և Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգիներ, ծանոթացել է զբոսայգիների տարածքների նկատմամբ համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված և իրականացվող աշխատանքներին։

149.jpg (246 KB)

«Մայիսի 28» զբոսայգում Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է, որ Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ զբոսայգու տարածքում գտնվող 13 հողամաս՝ 6411.48 քմ ընդհանուր մակերեսով, արդեն վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Եվս 5 հողամաս համայնքին վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։

154.jpg (497 KB)155.jpg (574 KB)

Շրջայցի շրջանակում Աննա Վարդապետյանն այցելել է նաև «Հիդրոշինարարների» զբոսայգի, որն ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին՝ դատախազական ներգործության արդյունքում։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 10000 քմ մակերեսով զբոսայգու ամբողջ տարածքը 2003 թվականի սեպտեմբերի 16-ին 50 տարի ժամկետով վարձակալության էր տրամադրվել ֆիզիկական անձի։ Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է զբոսայգու նկատմամբ քաղաքացու վարձակալության իրավունքը։ Մոտ 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ամբողջ զբոսայգին վերադարձվել է Սիսիան համայնքին։

156.jpg (381 KB)

Այնուհետև, Աննա Վարդապետյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգի, որի տարածքում գտնվող հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

157.jpg (542 KB)

Հանրապետության գլխավոր դատախազը խրախուսելի է գնահատել զբոսայգիների տարածքները երկարաժամկետ վարձակալած այն քաղաքացիների վարքագիծը, ովքեր կամավոր խզում են վարձակալության պայմանագրերն ու զբոսայգիները վերադարձնում են համայնքի տիրապետմանը՝ այդպիսով համայնքին հնարավորություն տալով օր առաջ բարեկարգել ու կանաչապատել զբոսայգին։ «Այս  իրավիճակներում Դատախազությունը գործընկերային է տրամադրված և կառուցողական մոտեցում է ցուցաբերում արտադատական կարգով հարցի կարգավորմանը։ «Հիդրոշինարարներ»-ի զբոսայգին նման՝ արտադատական կարգով համագործակցության արդյունք է, և մենք չենք կարող չգնահատել ֆիզիկական անձի այս վարքագիծն ու կարևորել, որ քաղաքացիները գիտակցեն՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, շատ հաճախ օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերի խզմամբ, շահում է իրենց ամբողջ համայնքը, որովհետև այդ համայնքի բնակիչներն ու համայնքում մեծացող երեխաները, համայնք-կառավարություն համատեղ ներդրման արդյունքում, ունենում են իրենց կարիքներին համապատասխան բարեկարգված այգիներ, զբոսայգիներ ու խաղահրապարակներ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

158.jpg (508 KB)

Գլխավոր դատախազը 2 զբոսայգիներն ամբողջությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տիրապետմանը  վերադարձնելու և դրանցում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ:

159.jpg (600 KB)160.jpg (522 KB)