Բլոգեր «Georg X»-ը «Կիա»-ն և «Տեսլա»-ն վարել է առանց համապատասխան իրավունքի․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Գ. Թ․-ն Երևանի Խանջյան փողոցում վարել է «Կիա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ չունենալով տրանսպորտային միջոցը վարելու իրավունք մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո։


«Բացի այդ՝ Գ․ Թ․-ն նույն արարքը կատարել է նաև սեպտեմբերի 29-ին՝ Երևանի Փարպեցի փողոցում վարելով «Տեսլա» մակնիշի տրանսպորտային միջոցը։


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ․ Թ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) (2 դրվագ)։


Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Գ․ Թ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։


Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։