Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ որոշակի ակտիվություն է ցուցաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ շահագրգիռ խմբակը՝ լծվելու իր «քաղ-մարտական» առաջադրանքի կատարմանը՝ մոբիլիզացիա և․․․ հարձակում՝ իրագործելու փափագելին՝ կառավարող ուժի հեռացումը։ Ընդ որում, այդ «իդեա ֆիքսի», այդ անկատար երազի, այդ իղձ ու բաղձանքի մասին ընդդիմությունը՝ ի դեմս մասնավորապես ՀՅԴ-ի ու դրան աֆիլացված կառույցների ու գործիչների, ոչ միայն հայտարարում է 24/7 ռեժիմով, այլ նաև գործում։ Բացահայտ ու ընդհատակից։ Եվ մինչ հայաստանյան քաղաքական դաշտում վերջին օրերին ակտիվ քննարկվում է նոր Սահմանադրության ընդունման ու այդ նպատակով արտահերթ ընտրությունների հավանականության հարցը, խորհրդարանական՝ մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժն էլ գոչում է՝ «մենք պատրաստ ենք», ՀՅԴ-ն չի շտապում կողմ կամ դեմ արտահայտվել արտահերթին։ Այս քաղաքական ուժն ու ռադիկալ ընդդիմությունն ընդհանրապես հասկացել են, որ ընտրությունների միջոցով, այն էլ՝ ազատ, արդար ու հատկապես առանց ընտրակաշառքի, չի կարող հաղթել ու վերցնել իշխանությունը։ Հետևապես պետք է իշխանափոխություն, ավելի ճիշտ՝ վարչապետափոխություն՝ փողոցային պայքարի ճանապարհով։ Ով ով, բայց ՀՅԴ-ն ու մասնավորապես ԱԺ պատգամավոր, սույն կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նմանատիպ միջոցառումների (առնվազն երկու) կազմակերպման փորձառություն ունի։ Հետևապես փողոցային պայքարի առաջիկա ակտիվացման գործում, որպես ընկած-ելած ու գործում հմտացած, հույսը նորից ՀՅԴ-ի վրա է։ Հարց կծագի՝ ո՞ւմ հույսը՝ միայն ռադիկալ ընդդիմությա՞ն, թե՞ այդ ընդդիմության միջոցով իր հերթական քաղաքական ճակատամարտը պլանավորող ուժային կենտրոնի՝ ՌԴ-ի։ Պատահակա՞ն է, որ հենց այս շրջանում աշխատանքային այցով ՌԴ էին ուղևորվել ՀՅԴ կարկառունները՝ նույն ընկեր Իշխանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանը։ Նրանք Պետական Դումայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչներին, քննարկել, ուշադրություն՝ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ»։ Չակերտներում վերցվածը հանդիպման օրակարգի ու նպատակի դիվանագիտական ձևակերպումն է, դրան «հետևող աչքերի» համար տեսանելի մասը։ Իսկ ի՞նչ են իրականում քննարկել հայրենի ընդդիմադիրները ՌԴ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, ուժ, որի առաջնորդը՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկ անգամ չէ, որ ՀՀ վարչապետի մասին արտահայտվելիս գործածել է կոշտ, ոչ դիվանագիտական բառապաշար, մեղադրել ռուսատյացության մեջ, ընդհուպ ՀՀ-ին սպառնացել ուկրաինացմամբ՝ եթե Փաշինյանը հետևողական գտնվի ՀՀ-ն ԵՄ «քարշ տալու» գործում։ Հենց ԵՄ-ին անդամակցության հարցն է, որ կանգնել է ԵԱՏՄ-ն «ռուլիտ անող» ՌԴ-ի կոկորդում՝ Պուտինից մինչև պաշտոնաթող, հանրային գործիչներ, ու այդ գործընթացը տորպեդահարելու համար էլ գործի են դրվում բոլոր հնարավոր ջանքերն ու սուբյեկտները։ Այդ թվում՝ տեղական քաղաքական խումբ-խմբակները։ Հիշեցնենք՝ ԵԱՏՄ դեկտեմբերյան գագաթնաժողովում քննարկվելու է նաև Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հարցը։ Նախքան այդ, հիշեցնենք, շաբաթներ առաջ հրապարակվել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների պատրաստած զեկույցը, որում նկարագրվում են այն հնարավոր տնտեսական հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը ԵՄ գնալու դեպքում։
Թեև ՀՀ իշխանությունները պնդում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու
մտադրություն չունեն, սակայն ՌԴ-ի համար նման հավաստիացումը համոզիչ չէ։ Հետևապես պետք է գագաթնաժողովում կայացվելիք որոշմանն
ընդառաջ կազմ-պատրաստ պահել հայաստանյան ընդդիմությանը՝ փողոցային պայքարի միջոցով
Փաշինյանին հանրային հուզումներով վախեցնելու, ԵՄ-ի հետ մերձեցման օրակարգից հրաժարվելու
ու «ընդմիշտ ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ» «վերդիկտի» հետ հաշվի նստել տալու համար։ Տեղեկություններ
են շրջանառվում, թե արդեն առաջիկա շաբաթներին, երբ ԱԺ-ն կսկսի «Բյուջե-2027»-ի քննարկումները,
և տեղեկատվական «պատեհ առիթ» կընձեռվի խոսելու տնտեսական եկող տարվա անելիքների ու
կանխատեսումների մասին, ընդդիմադիր գործիչների ելույթներում կակտիվանան ԵԱՏՄ-ից դուրս
գալու ապոկալիպտիկ հետևանքների մասին նարատիվները՝ «ձմեռնամուտին գազի թանկացման»,
արտահանման սահմանափակումների հետևանքով տնտեսվարողների կրելիք միլիարդավոր դրամների
վնասների մասին։ Տեղեկություններ կան նաև, որ առաջիկայում փողոց՝ ցույցի են դուրս գալու
մի շարք տնտեսվարողներ՝ ահազանգելու այն հնարավոր արհավիրքների մասին, որոնց կբախվեն
իրենք, եթե Փաշինյանը «շարունակի իր անմիտ ու արկածախնդիր քաղաքականությունն» ու պաշտոնապես
չհայտարարի, որ դադարեցնում է ԵՄ-ի հետ «սիրախաղը»՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով։
Կարևոր հիշեցում՝ 2022-ի Դիմադրության շարժումից առաջ Արմեն Ռուստամյանը կրկին Մոսկվա
էր մեկնել՝ ՀՀ իշխանափոխության պլանն իրագործելու համար ռուսական շրջանակներից, այսպես
ասած, «դաբրո» ստանալու համար։ Թե արդյոք այս անգամ է՞լ նման «դաբրոյի» հետևից էին
Ռուստամյանը և վերոթվարկյալ ՀՅԴ-ականները հասել Մոսկվա՝ ցույց կտան առաջիկա զարգացումները։
Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ մոբիլիզացիա
է հայտարարվել ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հոգևոր։ Այո, եկեղեցին ևս իր ակտիվ
ներգրավումն է ունենալու առաջիկա հակաիշխանական ակցիաներում։ Այդ մասին դեռ ամիսներ
առաջ խոսել է նաև ՀՀ վարչապետը՝ մասնավորապես նշելով. «Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ
է ուղարկում տարբեր գյուղեր ու բնակավայրեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու համար։
Բագրատի (2024-ին տեղի ունեցած «սրբազան շարժման» առաջնորդը-խմբ․) հեղափոխությունից պրծանք,
հիմա էլ սկսելու է Կտրիճի հեղափոխությունը»։ Հատկանշական է, որ նախօրեին տեղի է ունեցել
Արամ Ա Կաթողիկոսի հանդիպումը, ոչ դես-ոչ դեն, ՌԴ նախկին վարչապետ, ФСБ-ի նախկին տնօրեն Սերգեյ Ստեպաշինի հետ։ Ուշադրության ու խելքի «աշեցեք»՝
կաթողիկոսը՝ ՌԴ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Ի դեպ, հանդիպման մասին հաղորդագրության
մեջ նշված է, որ Ստեպաշինը Լիբանան էր ժամանել «հատուկ առաքելությամբ և կարճատև
այցով», կողմերն էլ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Հայաստանի
և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, Հայ Առաքելական և Ռուս ուղղափառ
եկեղեցիների պատմական կապերը»։ Ի դեպ, մի կարևոր նկատառում՝ Ստեպաշինն այն գործիչն
է, որն իր հերթին էր (հունիսի 7-ի ընտրություններից օրեր առաջ) ահազանգել Հայաստան-ԵՄ ինտեգրացիայի հնարավոր բացասական հետևանքների
մասին՝ զգուշացնելով՝ «Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի, ոչ թե միայն իր մասին»։ Այս նախազգուշացման համատեքստում, ի դեպ, ռուս
գործիչը հիշեցրել էր ՌԴ-ի կողմից ՀՀ-ին արված առաջարկի մասին՝ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին
անդամակցել-չանդամակցելու հարցով։ Հիմա՝ այս փուլում, փաստորեն, Ստեպաշինը իր «հատուկ
առաքելության» շրջանակում ժամանակ է գտնում ու հանդիպում է Լիբանանում ոչ թե ՀՀ քաղաքական
ներկայացուցչի՝ դեսպանի հետ, այլ՝ կաթողիկոսի,
ու քննարկում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկա վիճակի հարցը։ Սա պատահական լինել չի կարող։ Ի դեպ, Արամ Ա-ի և ՀՅԴ կապի, ազգային
նշանակության՝ «Հայ Դատի» հարցերում լիակատար
համագործակցության մասին խոսելը, թերևս, ավելորդ
է։ Արամ Ա-ն, հիշեցնենք, նույնպես, ձայնակցելով Գարեգին Բ-ին, 2020 թվականի նոյեմբերի
9-ի հայտարարությունից հետո պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նաև իր խոր
ընդվզումն է արտահայտել «եկեղեցու դեմ ուղղված գործողությունների» վերաբերյալ, դատապարտել
Գարեգին Բ-ի ու 6 հոգևորականների դեմ դատական գործընթացը։ Կարճ ասած՝ «պլոտնի» ընդդիմադիր է։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀ-ԵԱՏՄ թեմային և այդ համատեքստում ընդդիմության
գործողություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով․ «Կա խնդիր՝ որոշ ուժերի առջև դրված, որ ՀՀ-ն
ի վերջո չկարողանա կատարել այն տնտեսական հանձնառությունները ու շարունակել տնտեսական
զարգացման այն ճանապարհը, որը նախանշված է։ Այդ ամբողջ պրոցեսը կարող ենք անվանել մեկ
պայմանական վերնագրով, որը հեղինակները անվանել են «գաղտնի պլան»։ Ակնհայտ է, որ ՀՀ
ներսում այդ գաղտնի պլանն իրագործելու ռեսուրս չկա, և այդ պլանի հեղինակները պիտի ամեն
ինչ անեն՝ արտաքին ռեսուրսներ ներգրավելու համար։ Ակնհայտ է, չեմ ուզում թաքցնել նաև,
որ այդ պլանը ԵԱՏՄ և ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն»։ Փաշինյանը նշել է նաև,
որ ՀՀ են գործուղվել մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով, երաշխիքներով։ «Մեր ընդդիմության
ներկայացուցիչները էդքան երաշխավորների մասին որ խոսում են՝ մեկը հարցնի՝ բա որ ձեզ
երաշխիքներ տվել-ուղարկել էին Հայաստան, այդ երաշխիքները ինչի՞ չեն կարողանում իրագործել,
որ հիմա էլ նորանոր, դրամատիկ ջանքեր պետք է գործադրեն։ Հայ ժողովրդի պատմությունը
չեք ուզում կարդալ, պտտվեք, ձեր մեկուկես տարվա պատմությունը նայեք։ Մեր պատմությունը
դա է ցույց տվել՝ էնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով»։
«Գաղտնի պլան»-ի հեղինակն, ի դեպ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ
Սամվել Կարապետյանն է, որը մեկ անգամ չէ, որ ազդարարել է՝ այդ պլանն իրագործելու ճիշտ
պահին են սպասում, «թրիգերի», մարդկանց փողոց են դուրս բերելու մեկ անգամ ու վերջնականապես
լուծելու են իշխանափոխության հարցը։ Քանի որ Կարապետյանը տնային կալանքում է, «Հայաստան»
դաշինքի փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էլ՝ կալանքի տակ, ուստի, ենթադրում ենք, իշխանափոխության պլանի իրագործման նրբությունները
երկրից դուրս քննարկելու ու «մետադիչկաներ» ստանալու առաքելությունը ստանձնել է․․․ դե իհարկե, մեր հին ընկեր Դաշնակցությունը։ Եկեղեցին
էլ կողքից «քյոմագ» է անում։
Հ. Մանուկյան