Նոյեմբերի 29-ին մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ հերթական
ընտրություններ։ Ընդդիմությունը, մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ը նորեն ընդամենը մեկ
համայնքում՝ Լոռիի Սպիտակում է առաջադրվել։ Ինչպես և հոկտեմբերի 25-ի ընտրությունների ժամանակ՝
միայն Ստեփանավանում էր առաջադրվել, համայնքի կառավարումը ստանձնելու մեծագույն մուրազով։
Սակայն, ինչպես ասում են, ուժեղները «մուրազեցին», ընտրողները՝ որոշեցին՝ «ուժեղների» մարմնի համապատասխան մասում թողնելով
նրանց մուրազը։
Փաստորեն, կուսակցության լիդերի լոռեցի լինելու հանգամանքով պայմանավորված՝
սույն քաղաքական ուժը միայն Լոռին է դիտարկում քաղաքական գործունեության, մրցապայքարի
մարզ։ Մյուս 13 համայնքներում, որտեղ եւս պետք
է ընթացիկ ամսում տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ, «ուժեղները» ձեռնպահ են մնացել
առաջադրվելուց։ Ինչո՞ւ։ Ցուցակ կազմելու հարցո՞ւմ են խեղճանում՝ մարդ չեն ճարում, թե՞
մտածում են՝ առանց ընտրակաշառքի չեն կարողանալու դիմակայել ուժեղ մրցակցությանն ու
պարտվելու են՝ հերթական համայնքում խայտառակվելով։
Նշենք, որ ամիսներ առաջ՝ հունիսի 7-ին, ԱԺ ընտրությունների ժամանակ այս համայնքում ուժեղները
ստացել էին 4 701 քվե, «Հայաստան» դաշինքը՝
1 291, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 9 101։
«Ուժեղների» 35 հոգանոց ցուցակը Սպիտակում գլխավորում է, ըստ ԿԸՀ
ներկայացված տեղեկանքի, ոչ մի տեղ չաշխատող, «Արտիար» ՍՊԸ-ի 60 տոկոսի բաժնետեր,
1994 թվականին ծնված Արման Սերգոյի Ավետիսյանը։ Նա ընդգրկված էր ՈՒՀԿ հունիսի 7-ի համապետական
ընտրությունների ընտրական ցուցակում ևս։ Համայնքում քաղաքական մրցակցության հայտ ներկայացրած
մյուս ուժերն են «Բարոյական արժեքներ» կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
ՔՊ ցուցակը գլխավորում է Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։