Մինչև 2033-ը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարություն, 4-ի կառուցումը ավարտված է լինելու

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այսօր հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասում ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի, Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիայի, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովայի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանի հետ։



Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամբարաշինական ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, իրականացման ժամանակացույցն ու առաջիկա անելիքները՝ կապված շինարարական ընկերությունների նախաորակավորման և պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման հետ։



Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրին, որը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 23-ի 7-րդ նիստում։



Արամազդ Ղալամքարյանը շեշտել է, որ մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարությունը, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ի կառուցման աշխատանքները՝ ընթացքի մեջ։



Ջրային կոմիտեի նախագահը կարևորել է ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերանայել գնումների նախնական ռազմավարությունը և դիտարկել աշխատանքների փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ։



Այս համատեքստում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հրավիրելով տեղական և միջազգային շինարարական ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումների ընթացքում կգնահատվեն ընկերությունների տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև հինգ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։



Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և առաջիկա ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արագ կազմակերպումը։