ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը․ Մասադիկով

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին։ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կանոնադրության 25-րդ հոդվածը:


«Սա վերաբերում է անդամավճարներին և վերջին երկու տարիների ընթացքում չմասնակցելուն, իսկ արդեն երրորդ տարին է՝ չմասնակցելուն… Ներկայությանը, բայց կազմակերպության աշխատանքներին չմասնակցելուն», — SPUTNIKBY-ի փոխանցմամբ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը։


«25-րդ հոդվածը սահմանում է այն միջոցները, որոնք կարող են կիրառվել անդամ պետությունների նկատմամբ՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Մասնավորապես՝ եթե երկիրը երկու տարի շարունակ անդամավճար չի վճարում, ապա կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվոտային պաշտոններում իր քաղաքացիների թեկնածություններն առաջադրելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի մարումը»,-ասել է Մասադիկովը՝ նշելով, որ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի քննարկվում։