Գրիպի դեմ պատվաստումը կարող է 79%-ով նվազեցնել հոսպիտալացման ռիսկը

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։


«Պատվաստումը՝

Նվազեցնում է քրոնիկ, այդ թվում նաև` սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ բարդությունների առաջացման ռիսկը։


Կրճատում է հոսպիտալացման ռիսկը շաքարային դիաբետ ունեցող անձանց շրջանում՝ 79%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) ունեցող անձանց շրջանում՝ 52%-ով։


Նույնիսկ հիվանդանալու դեպքում նպաստում է հիվանդության ավելի թեթև ընթացքին։


«Հիշե՛ք՝ գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսների շրջանառվող տեսակները փոփոխվում են, իսկ պատվաստումից հետո ձևավորված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։


Պատվաստման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և պատվաստվելու համար դիմե՛ք ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։


Քաղաքացիների համար պատվաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով այս տարի ևս Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր»։