Armenia BRIDGE ծրագրի պաշտոնական մեկնարկը Երևանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նոյեմբերի 4-ին մասնակցել է Armenia BRIDGE ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնամիկայի նախարարությունից:

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի խմբի կողմից պետական գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, թվայնացման խթանմանը և մասնավոր հատվածի զարգացմանը։

Իր ելույթում Արամ Խաչատրյանը կարևորել է գործարար միջավայրի բարելավումը, վարչարարության և տնտեսվարողների ծախսերի կրճատումը, ինչպես նաև պետական կառույցների արդյունավետ համագործակցությունը։

Նախարարի տեղակալն ընդգծել է բարեփոխումների մշակմանը մասնավոր հատվածի անմիջական մասնակցության և ընդունված կարգավորումների գործնական կիրառման անհրաժեշտությունը՝ անդրադառնալով նաև «Ներդրումների մասին» նոր օրենքի կիրարկմանն ուղղված հետագա աշխատանքներին։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն, բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներ։