Բայրամովը Բորելի հետ հանդիպմանը կրկին գանգատվել է ԵՄ որոշ պաշտոնյաների «կողմնակալ» հայտարարություններից
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Դեկտեմբերի 11-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրամիության հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը։
Հանդիպմանը Բայրամովը Բորելին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նշվել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա վստահության ամրապնդմանն ուղղված վերջին միջոցառումների դրական ազդեցությունը։
Նախարարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը կարգավորման գործընթացում բարձր են գնահատվում Ադրբեջանի կողմից։ Նա ընդգծել է, որ, չնայած դրան, ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են Եվրամիության անաչառ միջնորդական դերն այս գործընթացում։
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության միակ ճանապարհն է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցեր։