Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալները Ֆլորիդայում ձերբակալել են դքսուհի Մեգան Մարկլի 82-ամյա հորը՝ Թոմաս Մարկլ-ավագին։ Նա կասկածվում է մանկական սեռական բռնության նյութեր պահելու մեջ, հայտնում է Daily Mail-ը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարբերականի լրագրողները ՀՖԲ-ին են հայտնել Մեքսիկայի Ռոսարիտո քաղաքում Մարկլի նախկին տան մոտ գտնվող պահեստային խցիկի մասին։ 2017 թվականից վարձակալված խցիկում հայտնաբերվել են մերկ կանանց և անչափահասների լուսանկարներ, մանկական բռնության տեսարաններով ամսագրեր, պեդոֆիլիայի մասին գրքեր, ինչպես նաև հին համակարգիչներ, կոշտ սկավառակներ և տեսաերիզներ։ Մեքսիկայի Ազգային գվարդիան և դատախազությունը առգրավել են նյութերն ու օրինապահ մարմինների կողմից օպերատիվ գործողություններ իրականացրել։
Հետաքննությունը սկսվել էր, երբ Մարկլի որդին՝ Թոմաս Մարկլ-կրտսերը, հայտնել էր, որ հոր՝ Ֆիլիպինների Սեբու քաղաքի տանը գտել է մանկական սեռական բռնության հազարավոր պատկերներ։ Ֆիլիպինների ոստիկանությունը ևս պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել։
Թոմաս Մարկլ-ավագը հերքում է մեղքը՝ պնդելով, որ Ռոսարիտոյում պահեստ չի վարձակալել, իսկ որդու հայտարարություններն անվանել է «հիվանդագին սուտ»։
Մեգան Մարկլը ավելի վաղ հայտարարել էր, որ «խորապես ցնցված է» մեղադրանքներից, սակայն Մեքսիկայում տեղի ունեցած իրադարձությունները չի մեկնաբանել։