Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ։
«Մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ առաջնահերթությամբ ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերը, ցավոք, ոչ մի տեղ հնարավոր չէ արմատապես վերացնել․ «Եվ, բնականաբար, Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները՝ կոռուպցիոն դեպքերն արձանագրելը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր են»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է դեռևս 2018թ.-ին մեկնարկած գործերի ավարտը․ «Մենք արագ պետք է այդ էջը փակենք, որ կենտրոնանանք այսօրվա խնդիրների լուծման վրա»։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն․ «Եվ դա մեր տեսլականն է։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև դա է բխում մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից»։