ՀՀ վարչապետն ու Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։


Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով և նշել, որ դրանք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։


Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։


Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։