Արևմուտքը, չնայած հետխորհրդային տարածքում իր ապակառուցողական գծի շոշափելի ձախողումներին, չի հրաժարվում ԱՊՀ երկրների գործերին կոպտորեն միջամտելու սովորությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մինսկում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ խորհրդակցության մասնակիցների հետ հանդիպմանը։
«Չնայած հետխորհրդային տարածքում իր ապակառուցողական գծի շոշափելի ձախողումներին՝ Արևմուտքը չի հրաժարվում ԱՊՀ երկրների գործերին կոպտորեն միջամտելու սովորությունից, որպեսզի նրանց մեկուսացնի <...>, զրկի քաղաքական կամքից և տնտեսական պոտենցիալից, թույլ չտա Եվրասիայում ձևավորել ուժային այլընտրանքային կենտրոն, որը կարող է մարտահրավեր նետել արևմտյան թուլացող հեգեմոնիային»,- ասել է Նարիշկինը խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նարիշկինը հատուկ տագնապ է հայտնել ԱՊՀ երկրների իշխանությունների գործող համակարգերը խաթարելու արևմտյան երկրների աճող փորձերի առնչությամբ՝ «էթնիկ անջատողականության և այլատյացության տրամադրություններ բորբոքելու ճանապարհով»։
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն այս առնչությամբ նշել է, որ «ազգային արմատական օրակարգը ձեռք ձեռքի տված ընթանում է արևմտամետ և հակառուսական ու հակաչինական օրակարգի, հակաչինական կարգախոսների հետ»։ «Սա ընտրովի շովինիզմ է»,- ընդգծել է նա։
Նարիշկինը նաև հիշեցրել է, որ հենց այս կարգախոսով են անգլո-սաքսոնական երկրները «տասնամյակներ շարունակ իրականացրել Ուկրաինայի գաղութացումը, ինչի հետևանքն է դարձել ուկրաինացի ժողովրդի և ուկրաինական հասարակության ներկայիս ողբերգությունը»: