Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ վետո է դրել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն հատկացնելու Եվրամիության որոշման վրա։
«Գիշերային հերթափոխի արդյունքը. վետո Ուկրաինայի լրացուցիչ գումարների վրա, վետո բազմամյա բյուջեի վերանայման վրա։ Մենք այս հարցին կվերադառնանք հաջորդ տարվա ԵՄ գագաթնաժողովին համապատասխան նախապատրաստություններից հետո»,- գրել է Օրբանը X-ում:
Տեղեկությունն այն մասին, որ ԵՄ երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնությունը Եվրամիության բյուջետային ծրագրում ներառելու հարցում, հաստատել է նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ դրան դեմ է եղել միայն մեկ երկիր: Թե որ երկիրն է դեմ եղել՝ Միշելը չի հստակեցրել, սակայն ավելացրել է, որ հարցի քննարկմանը ԵՄ-ն կվերադառնա հաջորդ տարվա սկզբին։
Միաժամանակ, գրում է BBC News-ը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ ԵՄ առաջնորդներին կհաջողվի պայմանավորվել հաջորդ տարի Ուկրաինային երկարաժամկետ օգնություն հատկացնելու հարցում։ «Մենք դեռ ժամանակ ունենք, Ուկրաինայի փողը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում չի սպառվի»,- հայտարարել է Ռյուտեն: