Հեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պարգևատրել է 3-րդ հետևակային գնդի զինծառայող, շարքային Թոմաս Իգլեսիասին, որը Վաշինգտոնի Արլինգտոնի ազգային գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ բարձրաձայն դիտողություն էր արել Պենտագոնի ղեկավարին։


«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք չափանիշները։ Գերազանց աշխատանք է, շարքային։ Շարունակեք նույն ոգով, հայրենասերներ»,- գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցում։


Ինչպես հայտնում է The Hill-ը, Իգլեսիասը պարգևատրվել է «Միացյալ զինված ուժերին մատուցած ծառայությունների համար» մեդալով (Joint Service Commendation Medal)։ 1963 թվականին հիմնադրված այս պարգևը շնորհվում է ծառայության ընթացքում ակնառու ձեռքբերումների կամ ծառայությունների համար։


Միջադեպը տեղի էր ունեցել Վետերանների օրվան նվիրված արարողության ժամանակ։ Զինծառայողը դիտողություն էր արել Հեգսեթին և նրան ուղեկցող անձանց՝ հուշահամալիրի տարածքում բարձրաձայն խոսելու և ծիծաղելու համար։


«Բոլոր այցելուները պարտավոր են մշտապես պահպանել լռությունն ու հարգալից մթնոլորտը»,- բղավել էր ժամապահը։


Ավելի ուշ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարել էր, որ զինծառայողի գործողությունները լիովին համապատասխանում էին սահմանված կանոններին։


Արլինգտոնի ազգային գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը ԱՄՆ-ի ամենահարգված ռազմական հուշահամալիրներից է։ Այն նվիրված է պատերազմներում զոհված և ինքնությունը չպարզված ամերիկացի զինծառայողներին։


Հուշահամալիրի գլխավոր սարկոֆագում ամփոփված է Առաջին համաշխարհային պատերազմի անհայտ ամերիկացի զինվորի աճյունը, որը հայտնաբերվել էր Ֆրանսիայում։ Հետագայում դրա հարևանությամբ կառուցվել են ևս երեք գերեզմաններ՝ Երկրորդ համաշխարհային, Կորեական և Վիետնամական պատերազմներում զոհված անհայտ զինվորների հիշատակին։


Անհայտ զինվորի գերեզմանը պատվո պահակախումբը հսկում է շուրջօրյա՝ տարվա բոլոր օրերին։