Դուբլինում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «X»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ նա տեղեկացրել է, որ շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած գագաթնաժողովին հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության համար:


Բացի այդ, Տիխանովսկայան իր երախտագիտությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն հանգամանքի համար, որ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին։


«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»,- գրել է Տիխանովսկայան։