Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանն աջակցելու համար։


Նա վստահություն է հայտնել, որ Մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները հետաքրքիր և հեռանկարային կլինեն երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ կարևորելով առկա ներուժի լիարժեք օգտագործումը և նոր նախաձեռնությունների իրականացումը։


Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2027–2029 թվականների մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի» ստորագրման արարողությունը։


Կողմերը վերահաստատել են՝ ծրագիրը կնպաստի մշակութային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համատեղ նախաձեռնությունների համակարգված իրականացմանը և երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ընդլայնմանը։


Նախարարներն առանձնակի կարևորել են մշակութային հաստատությունների միջև անմիջական համագործակցության ակտիվացումը՝ համատեղ նախագծերի և փոխադարձ այցելությունների միջոցով։


Մասնավորապես, առաջարկվել է կազմակերպել պատմական, հնագիտական և գեղարվեստական նմուշների համատեղ ցուցահանդեսներ՝ ներկայացնելով Հայաստանի և Ռուսաստանի մշակույթն ու արվեստը։


Կողմերն անդրադարձել են 2027 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։


Ժաննա Անդրեասյանը հրավիրել է ՌԴ մշակույթի նախարարին՝ այցելելու Երևան և մասնակցելու թատրոնի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ ընդգծելով, որ նախարարի մասնակցությունը հատուկ նշանակություն կհաղորդի հոբելյանական միջոցառումներին և կնպաստի երկու երկրների մշակութային կապերի հետագա ամրապնդմանը։


Նշենք, որ Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում անցկացվում են 2026 թվականի նոյեմբերի 9–16-ը։