ԵՄ
նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը,
հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նրա
խոսքով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել
են պատժամիջոցների կիրառումը 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք
կապված են Ռուսաստանի հետ։ Կիմից բացի, պատժամիջոցներ կկիրառվեն նաև Սանկտ
Պետերբուրգի նավթային տերմինալի նկատմամբ, պարզաբանել է Բարոն։
Պատժամիջոցների
նախագծում, որի հետ ավելի վաղ ծանոթացել էր «Ազատություն» ռադիոկայանը, նշվում է,
որ Wildberries-ը գործում է «որպես Ռուսաստանի զինված ուժերի մատակարարման ցանց՝
նպաստելով ռազմական և կրկնակի նշանակության ապրանքների վաճառքին»։ Բացի դրանից,
նշվել է, որ ընկերությունը ռազմավարական գործընկերություն է կնքել ՎՏԲ բանկի հետ,
որի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը պատկանում
է պետությանը, և որը ԵՄ պատժամիջոցների տակ է։
EUobserver
պարբերականը հայտնել է, որ պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն գործարար Ռուսլան
Բայսարովը (երգչուհի Քրիստինա Օրբակայտեի կրտսեր որդու հայրը և Ռամզան Կադիրովի
ընկերը), վենչուրային ներդրող և «Յանդեքս»-ի խոշորագույն բաժնետեր Ալեքսանդր
Չաչավան, ինչպես նաև Վալենտինա Մատվիենկոյի որդին՝ Սերգեյը (ում նկատմամբ արդեն
պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի կողմից):
Wildberries-ի
մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի ընկերության աշխատանքի
վրա, քանի որ այն ակտիվներ չունի Եվրամիությունում և չի աշխատում ԵՄ երկրներում։