ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի, Ֆինլանդիա)։
Ողջունելով դեսպանին՝ Վիլեն Գաբրիելյանն արժևորել է Ֆինլանդիայի հետ երկարաժամկետ համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը։
Խոսելով վերջին տարիներին ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ հանձնաժողովի նախագահը մասնավորապես ընդգծել է Հայաստանում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Վիլեն Գաբրիելյանի գնահատմամբ Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն շատ նմանություններ, ուստի կարևոր է Ֆինլանդիայի՝ որպես նման համակարգ ունեցող երկրի փորձի ուսումնասիրումը։
Դեսպանը վերոնշյալ համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քաղաքացիական պաշտպանության բնագավառում բացթողումներին։ Այս համատեքստում անհրաժեշտ են համարվել նաև օրենսդրական լուծումները։