Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին առաջադրվել այդ նահանգում որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Կոլորադոյի Գերագույն դատարանը վճռել է, որ Դոնալդ Թրամփն իրավունք չունի առաջադրվելու ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս որոշումը նշանակում է, որ նախկին նախագահը Կոլորադո նահանգում չի ընդգրկրվի քվեաթերթիկներում մարտին կայանալիք հանրապետականների փրայմերիզների և նոյեմբերին ընդհանուր ընտրությունների ժամանակ:

Վճիռը հիմնված է Սահմանադրության տասնչորսերորդ փոփոխության վրա. այն արգելում է ընտրություններին առաջադրվել նրանց, ովքեր մասնակցել են ապստամբության: Այս որոշմանը կողմ է քվեարկել յոթ դատավորներից չորսը:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 4-ից և պարտադիր չի լինի այլ նահանգների համար։ Դատավորներն ընդգծել են, որ Թրամփի փաստաբանները կարող են բողոքարկման համար դիմել ԱՄՆ Գերագույն դատարան։ Այդ դեպքում Կոլորադոյում այն ուժի մեջ չի մտնի մինչև վճիռը, բայց կտարածվի բոլոր նահանգների վրա, եթե Թրամփի կողմը պարտվի։