Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը վաղ առավոտյան արտահերթ նիստում վավերացրել է ռուս-աբխազական համաձայնագիրը՝ հաստատելով «Պիցունդա» պետական ամառանոցը Ռուսաստանին հանձնելու որոշումը։
Այս մասին փաստաթղթի հակառակորդներին, որոնք երեկ գիշերվանից գտնվում են խորհրդարանի շենքում, հայտնել է օրենսդիր մարմնի խոսնակ Լաշա Աշուբան: Նիստն անցել է առանց անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Վրացական ընդդիմությունը, մեկնաբանելով խորհրդարանի այս որոշումը, այն անվանել է բռնակցում:
«Ռուսաստանը ևս մեկ քայլ է կատարել օկուպացված Աբխազիայի բռնակցման ուղղությամբ «Վրացական երազանքի» «հակապրագմատիկ» լռության քաղաքականության ֆոնին։ Սուխումի օկուպացիոն ռեժիմը բավարարել է օկուպանտ երկրի խնդրանքը և Ռուսաստանին հանձնել Բիճվինթա հանգստավայրը՝ ամբողջովին արհամարհելով վրացի և աբխազ ժողովուրդների կամքը։ Նման «որոշումները» անօրինական են։ Մեր աբխազ հայրենակիցների հետ միասին մենք պետք է վերադարձնենք մեր հողը»,- սոցցանցերում գրել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան։
«Պիցունդա» պետական ամառանոցի հանձնումը Ռուսաստանին Վրաստանի բռնակցում է անվանել նաև «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան։