Կարևորել ենք «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը․ Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարարի այցի մասին․ տեսանյութ
«Այս այցը կարելի է համարել մեր երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար լավ լավ հնարավորություն։ Եվ այս առումով պետք է գոհունակությամբ արձանագրեմ մեր համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումները»,-այդ մասին այսօր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց, որ այցի ընթացում հնարավորություն եղավ նախանշել այն ճանապարհները, այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվեն արդեն գալիք տարում և այստեղ ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ի կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները և բարձրաստիճան այսպիսի այցերը հարաբերությունների հենց այդպիսի ընկալման դրսևորում են։

«Այսօր մեր քննարկումներում մենք անդրադարձանք ենք կատարել երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորային բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ, ոլորտներ։ Իհարկե նշված բոլոր ոլորտները մեզ համար շատ կարևոր են, բայց ուզում եմ ընդգծել, որ հատկապես ես և իմ Իրանի գործընկերը վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, սկզբում՝ 1, այնուհետև տարեկան 3 միլիարդ դոլարի հասցնելու՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ընթացիկ կամ անցնող տարում կարևոր ձեռքբերում պետք է համարեմ գազ-էլեկտրաէնէրգիայի դիմաց ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։ Լիահույս ենք նաև, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքը»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով ենթակառուցվածքային նշանակություն ունեցող թեմաներին, նախարարն ընդգծեց, որ այսօրվա երկկողմ քննարկումներում կարևորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք և Պարսից Ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը և նաև իրանական ընկերությունների մասնակցության առումով Հայաստանի տնտեսական կյանքում կարևորություն են հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կմ-անոց ճանապարհահատվածի շինարարության աշխատանանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավումը։

Մանրամասները՝ տեսանյութում