Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին La Stampa-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիության երկրները պետք է ստեղծեն մեկ միասնական բանակ։
«Եթե մենք ուզում ենք խաղաղարար լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Եվ սա հիմնարար պայման է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք վարելու արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն»,- հայտարարել է Տայանին։
Նա պարզաբանել է, որ աշխարհում, որտեղ գործում են այնպիսի խոշոր քաղաքական խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, և որտեղ սրվում են քաղաքական ճգնաժամերը Մերձավոր Արևելքում և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, «Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Սլովենիայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն արդեն գոյություն ունեցող կառույցը, այն է՝ Եվրամիությունը»։
«Ուստի ընդհանուր բանակը պետք է դառնա կոնկրետ փաստ»,- եզրափակել է նախարարը՝ ընդգծելով, որ այս հարցն այլևս չի կարելի հետաձգվել։
Տայանին խոստովանել է, որ ԵՄ շատ երկրներ դեմ կլինեն այդպիսի բարեփոխմանը, սակայն, նրա կարծիքով, առանց միասնական բանակի եվրոպական պետությունները այդպես էլ կմնան «անօգնական ճնճղուկներ աշխարհում, որտեղ արծիվներ են թռչում»։
Միաժամանակ նախարարը, պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն պատերազմի, ընդգծել է, որ ընդհանուր զինված ուժերն անհրաժեշտ են «խաղաղությունը, մոնիտորինգը և զսպումը պահպանելու համար»։