Պենտագոնի ղեկավարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. նա ենթարկվել է վիրահատության
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բուժվում է շագանակագեղձի քաղցկեղից, ասվում է Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը։

Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է դեկտեմբերի սկզբին, իսկ 22-ին նա ենթարկվել է «նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտության»՝ պրոստատեկտոմիա անվանումով։ Բժիշկներն ասում են, որ Օսթինը եղել է ընդհանուր անզգայացման տակ և հաջորդ առավոտյան վերադարձել է տուն:

Շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես ասվում է բժիշկների հայտարարության մեջ, Պենտագոնի ղեկավարի մոտ հայտնաբերվել է վաղ փուլում, նրանք կանխատեսումն անվանում են «գերազանց»։

Ինչպես նշում է CNN-ը, Օսթինի հոսպիտալացման մասին նախկին հաղորդումներից պարզ չէր, որ նա վիրահատության ժամանակ անզգայացման տակ է եղել։