«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի «ապօրինի գործունեությունը դադարեցնելու հարցով»։ «Օրենքի ուժով արդեն երկու շաբաթ է կասեցվել է՝ Ալավերդու ինքնահռչակ համայնքապետի լիազորությունները՝ մինչև դատարանի վերջնական որոշումը, սակայն սույն անձնավորությունը շարունակում է իր զոռբայությունը։ Դիմել ենք Գլխավոր դատախազին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն անձնավորության ապօրինի գործունեությունը դադարեցնելու հարցով։ Հուսով եմ, որ Գլխավոր դատախազը մաս չի կազմի իշխանությունը զոռբայությամբ և օրենքի կոպիտ խախտումներով խլած կուսակցությանը։ Միևնույն ժամանակ, առաջարկում եմ Ալավերդու զոռբայապետի համար պարբերաբար իրականացնել իրավաբանական խորհրդատվություններ, թե չէ մեր իրավաբանները չեն հասցնում սույն անձնավորության ապօրինություններին հետևել»,-գրել էր Առաքելյանը։
Civic.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ ինչ ընթացք է տրվել վերոհիշյալ դիմումին։ Գլխավոր դատախազությունը դիմումն ուղարկել է Լոռու մարզի դատախազություն։ «Դատախազությունը չունի դիմումով ներկայացված խնդրանքի առարկան կազմող գործողությունները կատարելու վերաբերյալ՝ Սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված գործառույթներ»,-ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ կուսակցության դիմումին պատասխանել են հունվարի 15-ին։
Արձանագրենք՝ իրավաբանական խորհրդատվության մասին խոսող «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչն ինքն ունի նման խորհրդատվության կարիք, այլապես չէր դիմի այն մարմին, որի լիազորությունների մեջ չի մտնում դիմումում ներկայացված խնդրանքի առարկան կազմող գործողությունների կատարումը։
Հիշեցնենք, որ Ալավերդիի նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը իրեն անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու ավագանու համապատասխան որոշումը վիճարկել է Վարչական դատարանում։ Դատարանը մեկ անգամ վերադարձրել էր հայցադիմումը, իսկ 2023 թ. դեկտեմբերի 28-ին վարույթ է ընդունել՝ միաժամանակ համայնքի ավագանուց պահանջելով երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել համայնքի ավագանու 05.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին» որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը և սույն վարչական գործով դատաքննության օր է նշանակել փետրվարի 5-ին։ Դավիթ Ղումաշյանն էլ ներգրավվել է որպես երրորդ անձ, քանի որ դատարանը գտել է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն շոշափվելու են վերջինիս իրավունքները։
Ալավերդիի նախկին համայնքապետը լուսավորելով հայցը դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին՝ իր ֆեյբուքյան էջում ազդարարել էր․ «ՀՀ վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար այսօրվանից կասեցված է ինձ անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը»։
Նշենք, որ «Վարչական դատավարության մասին» օրենսգրքի՝ Թամազյանի կողմից մասամբ վկայակոչված հոդվածը մի շարք բացառություններ է նախատեսում։ Մասնավորապես․ «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ` վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից»։
Սույն հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը»։
Իրավական խորհրդատվության մասին մի դիտարկում էլ՝ արդեն հայտնել ենք, որ Արկադի Թամազյանը ՏԻՄ օրենքի կոպիտ խախտմամբ համայնքի ղեկավարի երկու տեղակալներ էր նշանակել, ինչի իրավունքը, որպես համայնքի ղեկավար չուներ։ Ապա (երևի ինչ-որ մեկը նրան ուշացումով իրավական խորհրդատվություն էր մատուցել) արդեն իսկ ապօրինի նշանակված և մի քանի ամիս պաշտոնավարած համայնքի ղեկավարների թեկնածությունը հիշյալ պաշտոններում հաստատելու հարցը ներառել էր համայնքի ավագանու նիստերի օրակարգում (մի քանի անգամ)։
Նկատենք, որ հիշյալ երկու պաշտոնյաները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելուց հետո միայն զբաղեցրած պաշտոններից ազատվելու դիմումներ գրեցին։
Հ․Մ․