Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Ադրբեջանական պատվիրակության (ԵԽԽՎ-ում) իրավունքները պետք է վերականգնվեն, եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Բաքուն կվերանայի Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը»։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի որոշմամբ առնվազն մեկ տարով դադարեցվել են Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասաց, որ ԵԽԽՎ-ն մեկ տարով չի հաստատել նրանց պատվիրակների մանդատը, դա նշանակում է, որ նրանք ԵԽԽՎ նիստերին մասնակցել, քվեարկել չեն կարող, բայց դա նրանց պարտավորությունները կամ մասնակցությունը, որպես ԵԽ անդամ պետություն, չի կասեցնում։
«Այսինքն՝ իրենք շարունակում են մնալ անդամ, ուղղակի քաղաքական սանկցիա է կիրառվել։ Հիմա, եթե իրենք որոշել են լքել ԵԽ-ն, իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ պատճառն իրականում հենց այդ մանդատի կասեցումը չէ, այլ այն, որ Ադրբեջանը չի ուզում այդ ռեֆորմները կատարել։ Այն, ինչը որ մենք 20 տարում արել ենք, իրենք չեն արել, հիմա պետք է այդ քսան տարվա չարածը անեն, օրինակ՝ բանտերից քաղբանտարկյալներին ազատ արձակեն, ազատ խոսքն ապահովեն, Եվրոպական դատարանի վճիռները կատարեն։ Այդքանը որ անեն, Ալիևը կարող է կես տարի էլ չդիմանա։ Այդքանը հասկանալով հանդերձ՝ իրական պատճառն այն է, որ իրենք ուզում են ավտորիտար պետության ռեժիմը շարունակել, և ԵԽ-ում անդամակցությունն իրենց խանգարում է, իսկ մնացածը իրենք ուղղակի աղմուկ են բարձրացնում՝ իրենց դուրս գալն արդարացնելու համար»,- ասաց Արա Ղազարյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ այն պարտավորությունները, որոնք բանաձևով դրվել են Ադրբեջանի առջև, պետք է կատարվեն, իսկ դրանց կետերից մեկը վերաբերում է հենց Ղարաբաղին, այսինքն՝ իրենք պետք է ապահովեն Արցախի բնակիչների վերադարձը. պարզ է, չէ՞, որ իրենք իրավունք չունեն այդ գույքին դիպչելու, այդ գույքն ազգայնացնելու և այլն, այսինքն՝ Ադրբեջանի առջև դրվել է իրենց ուժերից վեր պարտավորություն։
Արա Ղազարյանի խոսքով՝ սա դեռևս ամենաարդյունավետ, քաղաքական սանկցիան է Ադրբեջանի նկատմամբ, բայց տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպես է դրան նայում։
«Ռուսաստանին երբ ընդհանրապես հեռացրին ԵԽ-ից, արձագանքն ավելի մեղմ էր, քան ադրբեջանցիների մանդատը մեկ տարով կասեցնելը։ Այսինքն՝ Ադրբեջանը դարձել է ագրեսիվ պետություն։ Ես կոնկրետ չեմ հասկանում, թե որտեղից է գալիս նրանց այդ ագրեսիան եվրոպական արժեքների դեմ»,- նշեց Արա Ղազարյանը։
Վերջինս ասաց, որ եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից, ապա նախևառաջ վտանգում է նաև ԵՄ-ի հետ տնտեսական կապերը, որովհետև ԵՄ-ն կարող է տնտեսական կապերի մեջ մտնել այնտեղ, որտեղ իր կանոնադրությանը չեն հակասի, իսկ եթե մի պետությանը հեռացնում են ԵԽ-ից, որովհետև նրա գործողությունները հակասում են ԵԽ-ի կանոնադրությանը, պարզ է, որ այդ գործողությունները հակասում են նաև ԵՄ-ի կանոնադրությանը, այսինքն՝ իր տնտեսական պայմանագրերը ԵՄ-ի հետ արդեն հայտնվում են վտանգի տակ։
Արա Ղազարյանի խոսքով՝ ցանկացած տնտեսական պայմանագրի հիմքում նաև մարդու իրավունքների բաղադրիչն է, և սա հենց եվրոպական անվտանգության բաղադրիչ է. եթե Ադրբեջանը սպառնում է Եվրոպային, պարզ է, չէ՞, որ դա արդեն եվրոպական անվտանգությունը վտանգող քաղաքական ռեժիմ է համարվում, և այստեղ ԵՄ-ն, բնականաբար, արդեն այլ էներգակիրների աղբյուրներ պետք է փնտրի, այնպես որ՝ Ադրբեջանն այդ մասին պետք է որ մտածի։
Արա Ղազարյանը կարծում է, որ Ալիևի այս հայտարարություններն առաջին հերթին ներքին լսարանի համար են, քանի որ ընտրություններ են սպասվում, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի վիճակի մեջ եթե փորձ արվի մտնել, այդ երկիրը երբեք ռեֆորմներ չի իրականացրել իր երկրի ներսում, նրանք չգիտեն էլ՝ ինչ բան է ռեֆորմը և հիմա սարսափած են այն մտքից, որ իրենք պետք է իրենց երկրում բարեփոխում անեն, որովհետև եթե Ալիևը սկսի բարեփոխում անել, առաջին հերթին իրեն իշխանությունից կհեռացնեն։
«Ու գնալով խորանում է վիճակը, և պարզ է, եթե ավտորիտար համակարգ է, ինքը գնալով պետք է ուժեղացնի ճնշումը, ոչ թե թուլացնի։ Իմ կարծիքով՝ ինքն այս ամեն ինչը գիտակցում է։ Եվ բացի դրանից, Ադրբեջանը միջազգային հանցագործություն է կատարել, մարդկության դեմ հանցագործություն է կատարել, նա 120.000 բնակիչներին բռնի հեռացրել է իրենց հայրենիքից։ Իսրայելի դեմ հիմա դատավարություններ կան Արդարադատության միջազգային դատարանում, որի փաստական հիմքերը գնում են հետ՝ մինչև 1948 թիվ։ Խոսքը վերաբերում է պաղեստինցիների նկատմամբ բռնություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը։ Նկատի ունեմ Հարավային Աֆրիկայի հայցն ընդդեմ Իսրայելի։ Եվ Իսրայելի պատվիրակները հայտարարում են՝ «ի՞նչ է, դուք կասկածի տա՞կ եք դնում մեր պետության ստեղծման հիմքերը, այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր պետությունը ստեղծվել է բռնությա՞մբ». այո, հենց դա էլ ուզում է ասել Հարավային Աֆրիկան, նաև ՄԱԿ-ի ԳԱ-ն, որը մեկ այլ գործ է հարուցել Իսրայելի դեմ՝ Իսրայելի վերջին 50 տարվա արարքները Պաղեստինում։ Ընդ որում, Իսրայելն ասում է, որ ինքնապաշտպանության նպատակով է արել»,- ասաց Արա Ղազարյանը։
Ի հավելումն նա նշեց, որ հիմա սա ուղիղ պրոյեկտում ենք Ադրբեջանի վրա, և այն, ինչ որ Ադրբեջանն արեց Արցախում, դա նույն միջազգային հանրությունը չի մոռանալու, ոչ էլ մենք ենք մոռանալու, և վերադարձի իրավունքը Ադրբեջանի վրա անընդհատ դրվելու է, իսկ Ադրբեջանը հասկանում է, որ ինքը չի կարող դիմագրավել դրան, քանի դեռ ԵԽ անդամ է, բայց միևնույն ժամանակ ինքն իրեն հայտարարել է ԵՄ-ի գործընկեր։
Խոսելով նաև երեկվանից արդեն ուժի մեջ մտած «Հռոմի կանոնադրության» մասին՝ Արա Ղազարյանն ասաց, որ այդ կանոնադրությանը միացանք հիմնականում չորրորդ բաղադրիչով, դա ագրեսիայի ակտն է, իսկ ագրեսիայի ակտի հանցագործության վեկտորներն ուղղվում են երկրի ղեկավարին, այսինքն՝ կոնկրետ այս մեկնաբանությամբ՝ այն անձանց, որոնք մեկ այլ երկրի վրա հարձակվելու քաղաքական և ռազմական որոշումներ են կայացնում. դա, որպես կանոն, երկրի ղեկավարն է։
«Եվ եթե հանկարծ Ադրբեջանը որոշի անեքսիայի գնալ օրինակ՝ Սյունիքում, Ալիևն առաջին հերթին հայտնվելու է մեղադրյալի կարգավիճակում՝ Միջազգային քրեական դատարանի կողմից։ Սա նույնպես որոշակիորեն զսպող մեխանիզմ է»,- եզրափակեց Արա Ղազարյանը։
Լիլիթ Թադևոսյան