«Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է և մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին։ Եվ նաև հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է, և շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023 թվականի դեկտեմբերին մեզ հաջողվեց մեր 32 գերեվարված եղբայրներին վերադարձնել։ Ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այն, որ գերիների, պատանդառված անձանց հարցը շատ մեծ էմոցիոնալ կողմ ունի, անհերքելի է բոլորիս համար։
Ինչ վերաբերում է իրավական նրբություններին՝ վարչապետն ասաց, որ իրենց իրավաբանները նաև կդիտարկեն, կքննարկեն պատգամավորի առաջարկը և եթե տեսնեն նպատակահարմարություն, գուցե նաև նրա խորհուրդներից օգտվեն։