Հայտնի է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական առաջին նիստի օրը
 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանը, 2024 թվականի փետրվարի 14-ին ստանալով քրեական վարույթն ըստ մեղադրանքի Լևոն Ռոբերտի Քոչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և Սերգեյ Կարենի Ասատուրովի ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով,  նշանակել  է նախնական դատալսումներ 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատական նիստերի թիվ 2 դահլիճում: Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։   Որոշման պատճենն ուղարկվել է  հանրային մեղադրողին, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցներին՝ դրան կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթ:
 
Նշենք, որ Քոչարյանի և Ասատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Ըստ հիշյալ կայքի՝ երկու ամբաստանյալներն էլ նախկինում դատված չեն եղել։ 

Հիշեցնենք, որ սույն գործը դատարան է մուտքագրվել փետրվարի 13-ին։ 

Թե Քոչարյանին, թե Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: