ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող, ցուցակներում ավելի ուշ ընդգրկված զինծառայողներին բնակարաններ հատկացնելու գործով դատարանը նախնական դատալսում է նշանակել. ամբաստանյալը Վիգեն Սարգսյանն է
Հակակոռուպցիոն քրեական դատարանը փետրվարի 29-ին նախնական դատական լսումներ է նշանակել ՀՀ  պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում գտնվող Վիգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքով։ Սույն գործը, հիշեցնենք, դատարանը վարույթ է ընդունել  2023թ. դեկտեմբերի 6-ին, վարույթը ստանձնել է դատավոր Ս. Դադոյանը։ Սույն գործով նշանակված մի քանի դատական նիստ չի կայացել, վերջին նիստը կայացել է հունվարի 29-ին։ Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, նրա պաշտպանը  ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործով փաստաբան Ամրամ Մակինյանն է։ Civic.am-ը datalex.am-ում զետեղված մեղադրական եզրակացությունից տեղեկացավ, որ Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարար նշանակված,  Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով  պաշտոնատար անձ, 2018թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են իր լիազորությունների շրջանակից։  Նախկին նախարարը մասնավորապես ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում ընդգրկված, Երևանի Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018թ. հունվարի 18-ին կայանալիք նիստին ընդառաջ իր աշխատասենյակ է հրավիրել նախարարության աշխատակազմի ղեկավար, կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին ու ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Սերժ Առուշանյանին և պահանջել ներկայացնել բնակարանային բարելավման նպատակով մի շարք զինծառայողների կողմից մինչ այդ ներկայացված զեկուցագրերն ու բնակարանային բարելավման կարիք ունեցող անձանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում նախապես կազմված ցուցակները:

Այնուհետև Վ. Սարգսյանը, ծանոթանալով բնակարանային բարելավման կարիք ունեցող անձանց վերաբերյալ կազմված ցուցակներին և ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջները, հանձնարարել է առաջիկա նիստում քննարկել և բնակարաններ հատկացնել ցուցակներում ավելի ուշ ընդգրկված, իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև ՀՀ ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող 3 անձանց։  Ապա, իրագործելով իր մտադրությունը, ...սահմանել է հիշատակված իրավական ակտով չնախատեսված նոր առաջնահերթություն՝ «հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներ»։  Այնուհետև կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին և ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Սերժ Առուշանյանին հանձնարարել է 2018թ. հունվարի 18-ին կայանալիք նիստի ընթացքում առաջնորդվել միայն իր սահմանած առաջնահերթություններով, որից հետո վերջիններիս է տրամադրել իր նախընտրած 29 անձանց վերաբերյալ տվյալները և հանձնարարել 2018թ. հունվարի 18-ի նիստում, առանց վերջիններիս բնակարաններ հատկացնելու հարցը քննարկելու, նրանց ներառել ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդում ընդգրկված՝ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող շենքից բնակարաններ ստացող անձանց ցուցակում և հատկացնել բնակարաններ:

Արդյունքում հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող շենքից բնակարան ստացող անձանց ցուցակում ընդգրկվել են Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ հերթագրված, ինչպես նաև ՀՀ ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող անձինք, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ Միքայել Արզումանյանը, Արցախի ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ, զինվորական կենսաթոշակառու Լևոն Ապրեսյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ համակարգի զինծառայող հանդիսացող, սակայն տվյալ ժամանակահատվածում Երևան քաղաքում ծառայություն չիրականացնող, N զորամասերի հրամանատարներ Սողոմոն Խաչատրյանը և Սամվել Պողոսյանը:

Բացի դրանից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերոհիշյալ հրամանով Երևան քաղաքի Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել նույն որոշմամբ նախատեսված առաջնահերթություն ունեցող, սակայն Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ հերթագրված, Վիգեն Սարգսյանի նախընտրած 8 զինծառայողի։  

Հարկ է նշել, որ արձագանքելով  իր նկատմամբ հարուցված  քրեական վարույթին՝ Վ. Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր.  «Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով»։ Ապա հավելել՝ խնդրո առարկա  բնակարանների բաշխման գործառույթը, որն իր պաշտոնական բոլոր լիազորություններից «երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով», իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան՝ հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:

Վիգեն Սարգսյանը նույն գրառման մեջ 2 անգամ պնդել է, որ պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը՝ յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները  խախտվել են: Նախկին նախարարը վստահ է, որ այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: 
 
Հ. Մ.