ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հերթական անգամ չէր ներկայացել իր գործով նիստին։ Պաշտպան Երեմ Սարգսյանը հերթական բժշկական փաստաթուղթը ներկայացրեց Խաչատրյանի առողջական վատ վիճակը ներկայացնող։ Պնդեց նիստը շարունակել առանց իր պաշտպանյալի ներկայության՝ հատկապես իր վերջին միջնորդության քննության մասով։ Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր թույլատրել Խաչատրյանին մեկնել արտերկիր՝ վիրահատվելու նպատակով։
Դատախազ Գևորգ Սարգսյանը առարկեց նիստը շարունակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությանը։ Դատավոր Արթուր Մկրտչյանը, սակայն, որոշեց քննարկել պաշտպանի միջնորդությունը՝ Խաչատրյանին թույլատրել մեկնել արտերկիր։
Դատախազը, ներկայացնելով միջնորդության մասին իր դիրքորոշումը, ասաց, որ պաշտպանական կողմը դիմում է իրավունքի չարաշահման, ասաց, որ միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման, քանի որ բժշկական փաստաթղթերով ապացուցվում է, որ Գագիկ Խաչատրյանն ունի վիրահատության կարիք, սակայն ո՛չ անհապաղ, այլ՝ պլանային։ Բացի դրանից՝ վիրահատությունը հնարավոր է իրականացնել Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններում՝ համապատասխան բժշկական սարքավորումների և մասնագետների առկայության դեպքում։
«Գագիկ Խաչատրյանի կողմից արդեն մեկ տարի դրսևորվում է ոչ պատշաճ վարքագիծ, տեղի է ունենում իրավունքի չարաշահում... Երեմ Սարգսյանը, վկայակոչելով Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, փորձում է մոլորեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- ասաց դատախազն ու ներկայացրեց այն տարբերությունները, որոնք առկա են Ջհանգիրյանի և Խաչատրյանի գործերի միջև, որով, ի տարբերություն Ջհանգիրյանի գործի, ոստիկանության կողմից Խաչատրյանի նկատմամբ չհիմնավորված ուժ չի կիրառվել։ Բացի դրանից՝ Ջհանգիրյանին չի տրամադրվել համապատասխան բժշկական օգնություն, կալանքի տակ գտնվելու ընթացքում դատարան է տեղափոխվել կալանավորների համար նախատեսված ֆուրգոնով, որը հարմարեցված չի եղել առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին տեղափոխելու համար։ «Անհասկանալի է, թե ի՞նչ անհարմարության մասին կարող է խոսք գնալ, երբ մի դեպքում խոսք է գնում կալանքի տակ գտնվող անձի՝ տվյալ դեպքում Ջհանգիրյանի, մյուս դեպքում՝ ազատության մեջ գտնվող, մինչև վերջին երեք դատական նիստը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դատարան ներկայացող ամբաստանյալի միջև։ Ի՞նչ համեմատություն կարող է լինել անձանց միջև, երբ ամբողջ քրեական վարույթի նյութերում կան հատորներով փաստաթղթեր Գագիկ Խաչատրյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ»,- ասաց Գևորգ Սարգսյանը։
Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ խնդրեց ճշտել՝ ո՞ր իրավունքն է չարաշահվում։ Նաև հարցրեց դատախազին՝ ո՞ր կլինիկայում Խաչատրյանը կարող է վիրահատվել, ո՞ր կլինիկայում կան անհրաժեշտ սարքավորումներ և բուժանձնակազմ։
«Հայաստանի Հանրապետության առողջապահության երկու նախարարներ երեք անգամ գրավոր տալիս են, որ Հայաստանում հնարավոր չէ այս վիրահատությունը կատարել։ Եթե մեղադրողը ավելի լավ գիտի, թե որտեղ է հնարավոր իրականացնել՝ թող ասի։ Թող ցույց տա այդ սարքավորումների և բուժանձնակազմի տեղը։ Եթե պետության կողմից իրենց նախաձեռնած մասնագետներին իրենք չեն հավատում, բա ո՞ւմ են հավատում։ Արտասահմանյան բժիշկներին չեն հավատում, Հայաստանի բժիշկներին չեն հավատում, պրոֆեսորներին չեն հավատում, բա ո՞ւմ են հավատում։ Իրենք իրենց ու վսյո՞։ Հետևաբար՝ հարգելի դատարան, ես գտնում եմ, որ իրավունքի չարաշահում իրականացնում է մեղադրող կողմը։ Իրենք կոնկրետ նպատակ ունեն՝ իրավաբանությունից դուրս, ինչը չի կարելի։ Կոչ եմ անում մեղադրողին, որպեսզի նա վերադառնա իրավական դաշտ։ Որովհետև էս ելույթները, դրսում արվող ելույթները, թե հանրությունը կարող է գնահատել և այլն, և այլն, կամ էնպիսի բառերը, որոնք ինչ-որ մարդկանց ականջին հաճելի են, և մեղադրանքի կողմը լավ տիրապետում է դրանց՝ անընդունելի են։ Պետության պաշտոնատար անձը իրավաբանության փոխարեն նման հայտարարություններ չպետք է կատարի»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը։
Ապա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Իր մեղավորությունը Խաչատրյանը չի ընդունում։
Վովա Հակոբյան