Գևորգ Կոստանյանին և կնոջն արգելվել է որևէ գործողություն կատարել Աթենքում գտնվող բնակարանների և ՌԴ-ում գտնվող տարածքների հետ
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, փետրվարի 21-ի որոշմամբ մերժել է հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի կողմից ներկայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փետրվարի 7-ին դատարան է ստացվել պատասխանող Լիլիթ Կոստանյանի անունից ներկայացված՝ փոփոխված հայցադիմումի պատասխան, որով, ի թիվս այլնի, ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդություն։

Փետրվարի 9-ի նիստին այն քննարկման առարկա է դարձել։

Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ դատախազությունն ուսումնասիրություն սկսելու մասին որոշում է կայացրել 2020-ի հոկտեմբերի 8-ին, հետևաբար արտասահմանում գտնվող գույքի բռնագանձման մասով պահանջ կարող էր ներկայացվել 2023-ի հոկտեմբերի 8-ը, իսկ գործով հայցի հիմքը և առարկան փոփոխելու միջնորդությունը ներկայացվել է 2024-ի հունվարին․ «Այսինքն, արտասահմանում գտնվող գույքերի բռնագանձման պահանջը հայցի առարկայի և հիմքի փոփոխման տեսքով ներկայացվել է ուսումնասիրության ժամանակահատվածից հետո։ Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է սահմանված կարգով պատշաճ հայց ներկայացնելու դեպքում, որը, բնականաբար, վերաբերում է նաև իրեն հայտնի փաստական տվյալների վրա հիմնվելով կոնկրետ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն։․․․«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված երեք տարվա ժամկետում հայցը արտասահմանում գտնվող գույքի նկատմամբ կարող է համարվել պատշաճ ձևով հարուցված, եթե այն ներկայացված լիներ այդ ժամկետում, այնինչ ներկայացվել է սահմանված երեք տարվա ժամկետի խախտմամբ»։

Հայցվորի ներկայացուցիչը առարկել է միջնորդության դեմ։ Նա նշել է, որ ուսումնասիրության ընթացքում արտասահմանում առկա անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունների հայցվորը չի տիրապետել, սակայն դրանց ձեռքբերմանն ուղղված դրամական միջոցների բռնագանձման պահանջ ներկայացված է եղել սկզբնական հայցադիմումով: Ուսումնասիրության շրջանակներում իրականացվել են հարցումներ և դրանց արդյունքում ստացված փաստաթղթերը գտնվել են թարգմանության փուլում, իսկ հայցվորը պահպանել է սահմանված հայցային վաղեմության եռամյա ժամկետը։

Դատարանը գտել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

«․․․Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում ՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է։․․․Օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով»,-նշել է դատարանը որոշման մեջ:

Դատարանը գտել է, որ բացակայում են սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու հիմքերը, միջնորդությունը ենթակա է մերժման, և ավարտված մասով գործի վարույթը պետք է վերսկսվելու է։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Բացի այդ, Գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարել է և արգելել է Լիլիթ Կոստանյանին և Գևորգ Կոստանյանին Ռուսաստանի Դաշնության Խիմկի քաղաքի Լևոբերեժնի միկրոշրջանում գտնվող տարածքների և Հունաստանի Հանրապետության Աթենք քաղաքում գտնվող բնակարանների տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարում: