Դատախազությունը Ապարանի համայնքապետից պահանջում է բռնագանձել «Գնթունիք»-ի 100 տոկոս բաժնեմասը, ինչպես նաև մի շարք անշարժ և շարժական գույք. Հակակոռուպցիոն դատարանը նիստ է նշանակել
ՀՀ գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը  03.10.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել է Ապարանի համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական  Կարեն Եղիազարյանից, նրա տիկնոջից՝ Սիրուն Սարգսյանից, և մորից՝  Լիանա Եղիազարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մոտ մեկ տասնյակի հասնող անշարժ գույք, ինչպես նաև ավանդ, բաժնեմաս, տրանսպորտային միջոցներ։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ  դատախազությունը պահանջում է բռնագանձել Ապարան համայնքի Բաղրամյան փողոցի 63 հասցեի անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 127 800 000 ՀՀ դրամ,  նույն համայնքի Ս. Մելիքյան փողոցի 3 հասցեում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը՝ 28 895 000 ՀՀ դրամ, նույն՝ Բաղրամյան փողոցի 61 հասցեում գտնվող խանութը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 139 000 000 ՀՀ դրամ, Բաղրամյան փողոցի 63/2 հասցեի անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 33/2 շենքի թիվ 5 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 131 735 000 ՀՀ դրամ։ 
Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել  «Նոտոֆ» ՍՊ ընկերության Կարեն Եղիազարյանին պատականող 10 տոկոս բաժնեմասը, ինչպես նաև Ford Transit 150S 2.5D մակնիշի մեքենան, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 1 800 000 ՀՀ դրամ, Volkswagen Caddy 1.6 մակնիշի մեքենան, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 990 000 ՀՀ դրամ, «Ակբա Բանկ» ԲԲ ընկերությունում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 800 000 ՀՀ դրամ ավանդը։  Լիանա Եղիազարյանից էլ դատախազությունը պահանջում է Ապարան համայնքի Ջրամբար գյուղի 1-ին փողոցի 7/4 հողամասը, իսկ անհնարինության դեպքում Կարեն Եղիազարյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 1 450 000 ՀՀ դրամ, ինչպես նաև «Գնթունիք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը։  Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի դատախազությունն առաջարկում է բռնագանձել նաև  Volkswagen Caddy 1.4 մակնիշի մեքենայի ներկայիս շուկայական արժեքը՝ 1 350 000 ՀՀ դրամ, Ford Transit 120S 2.0I մակնիշի մեքենայի ներկայիս շուկայական արժեքը՝ 1 900 000 ՀՀ դրամ, 499 810 528 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 135 669 093 ՀՀ դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ։

 Նշենք, որ պատասխանող Կարեն Եղիազարյանի կողմից միջնորդություն էր ներկայացվել  հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել էր  մասնակիորեն՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելով 23.11.2023 թվականը։ Հավելենք, որ սույն գործով արդեն իսկ մեկ նախնական դատական նիստ կայացել է, հաջորդ նիստը նշանակվել է մարտի 18-ը։ 

 Հիշեցնենք, որ Եղիազարյանը  ամբաստանյալի կարգավիճակ ունի. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ»։ Գործը 2020 թվականից դատարանում է։  

Կ. Եղիազարյանը 2017թ. նոյեմբերին ընտրվել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար, 2021թ. դեկտեմբերին վերընտրվել է նույն պաշտոնում:
 
Հ. Մ.