«Հայաստանը մեկ խնդիր պետք է ունենա ՀԱՊԿ-ի հետ՝ ինչպե՞ս դուրս գալ այնտեղից»,- անդրադառնալով ՀԱՊԿ-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված պատասխանին՝ ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Դա շատ բարդ դիվանագիտական, քաղաքական, ռազմական օպերացիա է, որի մասին, ըստ փորձագետի, պետք է ոչ թե խոսել, հայտարարել, այլ՝ գործել։
«Մենք ունենք մեկ խնդիր՝ շարունակվող ագրեսիան, որը Ադրբեջանի ձեռքերով կազմակերպում է ռուս-թուրքական դաշինքը»,- նշեց Արզումանյանն ու հավելեց, որ պետք է բարձրացնել սեփական դիմադրողունակությունը, գտնել գործընկերներ և համատեղ շահեր։ Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր է փոխել իր եվրասիական պատկանելությունը, որը մեզ բերել է աղետալի հետևանքներ։ Պետք է ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնել։
Հրաչյա Արզումանյանի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան ռազմական գործիքով են լուծում քաղաքական խնդիրները. դա ՌԴ-ի համար բնական լեզու է։ Հայաստանին հստակ ասվում է, որ ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան ու անկախ պետություն, պետք է գոյություն չունենա։ Հետևաբար, քաղաքագետի կարծիքով, ՌԴ-ն հակազդելու է Հայաստան-Արևմուտք գործակցությանը։
«Պետք է հարցը այսպես դնել՝ ինչպե՞ս ենք դիմադրելու ռուս-թուրքական ագրեսիային՝ Ադրբեջանի ձեռքերով. այդ դեպքում լուծումներ կգտնվեն»,- ասաց Արզումանյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնարավոր քայլերին՝ Արզումանյանը չբացառեց ոչ միայն սահմանին Ադրբեջանի կողմից էսկալացիաների հրահրումը, այլև Հայաստանի ներսում իրավիճակը «պայթեցնելու» սցենարը։ Պետք է պատրաստ լինել նաև այդ սցենարին։
Ռուսաստանի հատուկ ծառայություններն, ըստ Արզումանյանի, ունեն այդ հնարավորությունը։ «Նրանք դրա փորձն ունեն. պետք չէ թերագնահատել»,- ասաց Հրաչյա Արզումանյանը։