Ի՞նչ է մեզ սպասվում ԵԱՏՄ-ում։ Թվերը ցույց են տալիս, որ կան ոչ թե Հայաստան-ԵԱՏՄ, այլ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ։ Ռուսական տնտեսությանը փոխկապակցված լինելը արդյոք մեր դիմակայունության, տնտեսության կենսունակության բարձրացմանը նպաստող գործոն կարո՞ղ է հանդիսանալ։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է, որ մեր արտադրանքը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, որոնք, ըստ էության, նորմալ ստանդարտներ են, որակյալ արտադրանքին համապատասխան. «Եթե այսօր կաթնամթերք ասելով նորմալ ենք համարում կաթնափոշով արտադրված պանիրը՝ դա նորմալ չէ, իսկ ԵՄ-ն ասում է՝ պանիրը պետք է արտադրված լինի կաթից»։
Հայաստանի արտադրողները խթաններ այսօր չունեն իրենց արտադրության որակը բարձրացնելու, բայց եթե լինի այդպիսի խթան՝ պետության և Եվրամիության աջակցությամբ, ապա հնարավոր կլինի բարձրացնել արտադրության որակը։
Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ի մասին մտածելիս նկատի ունենա, որ Ռուսաստանն ունի լրջագույն խնդիրներ՝ տեխնոլոգիական հետամնացություն, դեմոգրաֆիական խնդիրներ, բնակչության արտագաղթ, որոնք լրջագույն մարտահրավերներ են ստեղծելու ապագայում։
Եվրաասոցացում, տրամաբանորեն, չի նշանակում, որ ռուսական շուկան պետք է փակվի Հայաստանի համար, որովհետև մինչև ԵԱՏՄ-ն Հայաստանն աշխատել է այդ շուկաների հետ։ Ուրիշ խնդիր է, որ կարող է քաղաքական այդպիսի որոշում լինել։
Երբ խոսվում է ԵԱՏՄ-ում մեր ունեցած տնտեսական լավ ցուցանիշների մասին, չպետք է մոռանալ, որ դա տեղի ունեցավ ի հաշիվ Ասոցացման համաձայնագրի, որոնք համեմատելի չեն։ «ԵԱՏՄ շուկան ունի սպեցիֆիկ օրենքներ՝ ամենատարբեր կոռուպցիոն սխեմաներ, բիզնես մշակույթ և այլն։ Այդ միջավայրում գործունեություն ծավալելով դառնում ես այդ մոդելի կրողը։ Մենք գործ ունենք այնպիսի բիզնես մոդելի հետ, որը չի կարող էապես բարձրացնել քո մրցունակությունը»։
Եվ եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, հիմա մենք բոլորովին այլ տնտեսություն կունենայինք։
«Մենք պետք է նկատի ունենանք ռուսական տնտեսության պատժամիջոցների հանգամանքը։ Ռուսաստանի տնտեսությանը հաջորդող 5-10 տարիների ընթացքում ի՞նչ է սպասվում։ Որքան էլ որ այնտեղ կա պաշտոնական քարոզչություն, որն ասում է, թե մենք արդյունավետորեն հաղթահարում ենք պատժամիջոցները՝ չկա այդպիսի բան», - ասաց տնտեսագետը։
Քթոյանի կարծիքով՝ ռուսական տնտեսական պատժամիջոցները անցանկալի են, սակայն մենք պետք է մեր արդյունավետությունը բարձրացնենք, բայց ասել, որ սարսափելի ինչ-որ բան տեղի կունենա՝ հաշվի առնելով, թե վերջին 4 տարիների ընթացքում մենք ինչերի միջով ենք անցնում՝ համեմատելի չէ։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան