Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում շարունակել ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը՝ ապրիլի 19-ին համաձայնեցված սկզբունքների հիման վրա
Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հերթական փուլի անցկացումը։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է. «Ֆրանսիան 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման համաձայն՝ ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը վերահաստատելու կարևորությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ որպես այս գործընթացի հիմք։ Այս համատեքստում ԱԳՆ-ն կոչ է անում շարունակել գործընթացը 2024 թվականի ապրիլի 19-ին համաձայնեցված սկզբունքների հիման վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։

Միաժամանակ նա կոչ է անում շարունակել բանակցությունները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ աջակցելու այս բանակցությունների անցկացմանը։ Ֆրանսիան կշարունակի իր գործընկերների հետ համատեղ գործունեությունը Հարավային Կովկասում արդարացի և կայուն խաղաղություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»։