30 տարի չեն հասկացել, որ իշխանության տերը ժողովուրդն է․ Նարեկ Զեյնալյան
«Իրենք ի՞նչ են ուզում անել՝ խաչակրաց արշավա՞նք սկսել  պետության դեմ. սա եկեղեցու անմիջական պատասխանատվության տակ է, ու հետևանքների համար ևս իրենք պետք է պատասխան տան»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով   Բագրատ Գալստանյանի կազմակերպած ցույցերին։ 

Ինչ վերաբերում է նրան, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է իմպիչմենտի գործընթաց սկսի, և իշխող խմբակցությունից կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որ համակրում են իրենց, Զեյնալյանը ասաց. «Իրենց խոսույթը ամբողջությամբ կեղծիք է։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա իրենց ամբողջ վախը խորհրդարանական ընտրություններն են, որովհետև իրենց ասածը այն է, որ մենք իրենց փոխանցենք իշխանություն. իրենք 30 տարի չեն հասկացել, որ իշխանության տերը ժողովուրդն է ու ժողովրդից պետք է ուզել։ Իրենց խոսույթում չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»։ 

Ըստ պատգամավորի՝ այս պրոցեսի կազմակերպիչները նույն անձինք են, որոնք վերջին 4 տարիների ընթացքում փորձում են իշխանազավթում անել. «Դերասաններին փոխելով փորձում են այլ մարտավարություն անել։ Իրենց հիմնական դիրիժորը հայտարարել էր, որ եկեղեցուն պետք է ներգրավել։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել ու ինչ-որ զանգված հավաքել»։

Զեյնալյանի խոսքով՝ հենց վարչապետի թեկնածուի անուն հնչեցվի, ոչ մի ցուցարար չի մնա այնտեղ. «Ըստ էության, կարծում եմ, ամեն ինչ ավարտվել է։ Իրենք էլ հայտարարեցին, որ այլևս հավաքներ չեն իրականացնելու»։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան