Այս շարժումը ՀՀ ռուսական անցյալն է. դերակատարները Գալստանյանով ռևանշի գնալու վերջին շնչառությունն են հավաքել
Այս հատվածը Հայաստանի վատթարագույն անցյալն է, Հայաստանի ռուսական անցյալն է, Հայաստանի ազատությունը չցանկացող հատվածն է. խոսելով ընդդիմության հերթական ակցիաների մասին՝ այս մասին Сivic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։ 

«Իրենց առաջնորդը չի ընդունում պետության սահմանները... իր հետ են գլխավորապես Հայաստանի ռուսական անցյալի դերակատարները, որոնք վերջին շնչառությունն են հավաքել՝ ռևանշի գնալու Հայաստանի Հանրապետության դեմ։ Մեր ժողովուրդը շարունակում է մնալ իմաստուն, չի մնում իրենց՝ միգուցե և գայթակղիչ, բայց իրականում կեղծ և Հայաստանի մարմինը քրքրող թեզերին, և իրենք մնացել են իրենք իրենցով։ Շատ նեղ հատված, որն իհարկե ագրեսիվ է, բայց կմաշվեն կգնան»,- ասաց Սուքիասյանը։
Ըստ քաղաքագետի՝ ընդդիմությունը չի հաջողելու, որովհետև մտածում են Հայաստանի՝ մինչհեղափոխական անցյալի փիլիսոփայությամբ։ Իսկ այդ շրջանի դերակատարների գիտակցության մեջ ժողովուրդ չկա։ «Նրանք միշտ ընտրություններ են կեղծել, արհամարհել ժողովրդին։ Հիմա նույն բանն է՝ այդ նույն գիտակցությամբ եկել են, գիտեն, թե 4 հոգով, 40 հոգով, ախպերներով կարող են հեղաշրջում անել և էլի անտեսում են ժողովրդի գործոնը։ Բայց այստեղ ժողովրդի գործոնը առաջնային է, իսկ իրենց հետ ժողովուրդ չկա։ Իրենք նաև լավ չեն հասկանում, թե ինչ է նշանակում լեգիտիմություն։ Եկել են, դեմ են եղել իշխանության լեգիտիմության պատին ու փշրվում են»։ 

Անդրադառնալով ընդդիմադիր դիվանագետների  ներկայացրած դրույթներին, նրանց հայտարարությանը՝ Սուքիասյանն ասաց, որ իրենց նպատակը ոչ թե ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է, այլ պատերազմ հրահրելը. «Իրենք պաչկեքով հրաժարական տվեցին, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում էր գործել Հայաստանի վրա։ Մի ամբողջ պետություն իրենք թողեցին արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից զուրկ»։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան