Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին:
Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
ՄՄ նախագահը և գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել են նախորդ համաժողովների արդյունքները, 6-րդ համաժողովի հիմնական ակնկալիքները եւ նպատակները:
Քննարկման առանցքում են եղել առաջիկա համաժողովի օրակարգը, մասնավորապես` համաշխարհային խաղաղության հաստատմանը, կայուն զարգացմանը եւ ժողովրդավարության առջև ծառացած ներկայիս մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ խորհրդարանականները քննարկել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությունն առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ:
Անդրադարձ է կատարվել աշխարհի արտակարգ կլիմայական իրավիճակին, նոր եւ պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիաների ազդեցությանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խախտումներին, գենդերային խտրականությանը, քաղաքական բեւեռացմանը եւ հանրության անվստահությանը քաղաքական ինստիտուտների նկատմամբ: